Խնձորի մասին
►Խնձոր բառը փոխառություն է խուռիերենից (hinzuri): Ենթադրվում է, որ խուռիների լուսնա-արեգակնային օրացույցում պահպանված «hinzuri» ամսանունը կապված է այգեգործության և հատկապես խնձոր հավաքելու ժամանակի հետ:
►Հայկական լեռնաշխարհում խնձոր արմատով մեծ թվով գյուղեր ու բնակավայրեր կան (Խնձորուտ, Խնձորեսկ, Խնձորք, Խնձորի, Խնձորեկ և այլն):
►Բացի մշակովի խնձորից, Հայաստանի անտառային շրջանների բնակիչները աշնանը նաև վայրի խնձոր էին հավաքում և պահում չոր խոտի, ծղոտի մեջ: Ձմռան ընթացքում խնձորը հասնում` դեղնում և անուշաբույր էր դառնում:
►Հայաստանի անտառներում աճող վայրի խնձորից տեղացիները ձմռան համար թթու են դրել. լցրել են կավե ամանների մեջ և ջուր ավելացրել: Ամանի բերանը կավով ծեփել են, որ օդ չանցնի և դրել մառանը:
►Վանի մոտ գտնվող Արտամետ գյուղում աճում էր հռչակավոր Արտամետի խնձորը, որը կարմրավուն է, ունի նուրբ կեղև, անուշ համ ու հոտ: Թափահարելիս խնձորի կորիզները շարժվում են ու շխկշխկում: Դնում էին հագուստի, հատկապես հարսի շորերի մեջ, որ անուշ հոտ գա: Խնձորի հասունացման շրջանում գյուղը բուրում էր անուշ հոտով:
►Վանում «Դալասլիկ» կոչվող մեծ, կարմիր, անուշահոտ և անուշահամ խնձորը համարվում էր մրգերի թագուհի: Աղջիկներն ու հարսները լուսնյակ գիշերը ծառ էին բարձրանում և դեռ չհասունացած խնձորների վրա կարոսի (մաղադանոսի) տերևներ փակցնում: Երբ խնձորը հասնում և կարմրում էր, տերևները պոկում էին: Արդյունքում վառ կարմիր խնձորի վրա տերևների տեղը սպիտակ նախշեր էին առաջանում: Այն սեղանի զարդն էր, եթե որևէ հարգի արարողության հրավիրելու էին գնում կամ աչքալուսանքի, իրենց հետ այդ խնձորից էին տանում:
►Խնձորը հայոց մեջ ամենասիրված և տարածված միրգն է: Համարվել է անմահական պտուղ, որին վերագրվել է պտղաբերության հզոր ուժ:
►Հայոց պատկերացումներում գնդաձև պտուղներն ունեն ամբողջության, միասնության և կատարելության խորհուրդ: Լինելով ամենատարածված պտուղը` խնձորը մշտապես կրել է այդ խորհուրդը:
►Թագավորները, որպես աստվածային հատկանիշների կրողներ, խաչակիր ոսկե խնձոր էին կրում, որը տիեզերքի և իշխանության խորհրդանիշն էր:
►Եկեղեցու գմբեթն ավարտվում է խնձորի (գնդի) վրա ամրացված խաչով:
►Հնում ոսկե գնդի և ոսկե խնձորի հետ կապված խաղերն ու մրցումները կապվում էին պտղաբերության հետ:
►Խնձորը սիրո խորհրդանիշն է: Որևէ մեկին խնձոր առաջարկելը սիրո խոստովանություն է նշանակել:
►Հայոց մեջ խնձորն ուղղակիորեն կապվում է սիրո աստվածուհի Աստղիկի հետ, «յԱստղկայ նուիրեալ» պտուղն է: Գրիգոր Մագիստրոսը գրում է. «Խնձորս երբեմն յԱստղկայ շնորհեալ»:
►Հնում սովորություն է եղել սիրադեղ կոչված բույսերի ծաղկափոշին լցնել խնձորի մեջ արված փոսիկի մեջ և ուղարկել ցանկալի մարդուն: Համոզված էին, որ այդ սիրո խնձորը վերջինիս մեջ սեր կարթնացնի:
►Միջնադարյան ձեռագրերում հանդիպում ենք կախարդական-հմայական «դեղատոմսերի», թե ինչպես պետք է խնձորի միջոցով տիրանալ սիրած անձնավորությանը:
►«Սասնա ծռեր» էպոսում Պղնձե քաղաքի թագավորի աղջիկը Սանասարի համար մի կուժ լիքը ջուր էր լցրել, վրան խնձոր դրել ու թղթի վրա գրել` արի ինձ առ:
►«Սասնա ծռեր» էպոսում հարսնացուի հետ կարող էր ամուսնանալ նա, ով կկարողանար ձիարշավի ժամանակ ճարպիկ ոստյունով ձեռք բերել սյան վրա ամրացված ոսկե խնձորը:
►Սասունցի Դավիթն առաջին իսկ հայացքից տիրանում է Խանդութի սրտին և որպես ընծա նրանից սիրո խնձոր ստանում:
►Հայ միջնադարյան պոեզիայում և ժողովրդական բանահյուսության մեջ խնձորը` որպես սիրո խորհրդանիշ, անընդհատ գովերգվում է: Հայրեններում ասվում է` «Սէրըն խնձորով պիտի», կամ էլ` «Առ խնձոր, արի ձիկ տես»:
►Նոր տարուն հյուր գնալիս հաճախ իրենց հետ խնձոր էին տանում:
►Հ. Քոչարի «Նահապետ» վիպակում Եղեռնից հետո վերստին ընտանիք կազմելով` Նահապետը գյուղում ամեն մի ամուսնացող զույգի և նորածնի համար տների առջև խնձորենի է տնկում:
►Համշենում վայրի խնձորը որպես ուլունք կախում էին մարդկանց և ընտանի կենդանիների (հորթի, կովի) վզից:
►Հաճախ կլոր պտուղները խնձոր են կոչվել. օրինակ, պոմիդորը կոչվել է նաև ոսկեխնձոր, կարտոֆիլը` գետնի խնձոր, ալոճը` անտառի խնձոր: Ունենք նաև գետնախնձոր բանջարեղենը: Հռոմեացիներն ու արաբները ծիրանն անվանել են հայկական խնձոր: Խնձորել նշանակում է կլորացնել, գնդել:
►Աստվածաշնչում խնձորն Ադամի և Եվայի գայթակղության պտուղն է, որը նրանք Աստծո կամքին հակառակ ճաշակեցին ու իմացություն ձեռք բերեցին, ինչի հետևանքով դրախտից արտաքսվեցին:
►Աստվածաշնչում խնձորը հիշատակվում է վեց անգամ, որից չորսը՝ «Երգ երգոցում», որը հարսի ու փեսի միջոցով Սուրբ գրքի սիրերգությունն է՝ խորհրդանշելով եկեղեցին և Քրիստոսին: Նարեկացին «Երգ երգոցի» մեկնության մեջ խնձորին վերագրում է չորս հատկություն՝ օրենք, մարգարեների խոսքեր, առողջարար ու հիվանդներին ախորժելի և թագավորների համար պիտանի:
►Կծած խնձորն այսօր համարվում է համակարգչային գիտելիքների խորհրդանշան:
Հարսանիք
►Հայոց ավանդական հարսանեկան ծեսերում խնձորը միության և պտղաբերության խորհրդանիշ է:
►Հարսնատես կամ փեսատես գնացողներն իրենց հետ խնձոր էին տանում:
►Նոր տարուն հարսնացուի տուն այցելության ժամանակ հարսը փեսին փնջած (մետաքսե գույնզգույն թելերով զարդարված) խնձոր էր նվիրում, իսկ փեսացուն` վրան արծաթե կոպեկանոց խրած խնձոր:
►Փեսի ծառը (պսակածառ, ուրց, փոփըխ և այլն), որը նորապսակ զույգի պտղաբերության խորհրդանիշն է, զարդարվել է քաղցրավենիքներով ու հատկապես խնձորով: Հաճախ փեսի ծառի գագաթին կարմիր խնձոր են ամրացրել: Այդ խնձորը առագաստ մտնելուց առաջ կիսում էին հարս ու փեսի միջև:
►Հնում մետաքսե թելերով փաթաթած եղեգնյա խաչը (կոչվում էր ջղա) տնկում էին խնձորի վրա ու փակցնում փեսացուի գլխարկին, որը փոխարինում էր թագին:
►Հարսին տնից դուրս հանելիս նրա տան բակում մի ձողի ծայրին խնձոր էին ցցում: Փեսացուի ընկերներից նա, ով կարողանում էր խնձորի վրա կրակել, արժանանում էր հարսի ձեռքով գործած գուլպային:
Վարդավառ (Հայկական տոն, երբ մարդիկ ջրում են միմյանց)
►Հայոց մեջ տարածված սովորությամբ մինչև Վարդավառ խնձոր ուտելն արգելված էր, որը կոչվում էր խնձորի պաս:
►Վարդավառին եկեղեցում խնձորն օրհնվում է, որից հետո խնձոր ուտելու արգելքը վերանում է:
►Վարդավառի գիշերը պարտադիր վառվող խոտի դեզերի մեջ խնձոր էին խորովում և ուտում:
►Վարդավառին երիտասարդ հարսնացուներն ու փեսացուները միմյանց նախշած խնձոր էին նվիրում:
► Շատախում հավատում էին, որ Վարդավառի գիշերը «Արքայության աղբյուրի» ակունքից անմահության խնձորը դուրս է գալիս և լողում ջրի երկայնքով: Հավատում էին, որ այդ գիշեր անմահության խնձորը տեսնողի բոլոր երազանքները կիրականանան:
►Վարդավառյան ավանդույթներից էր նաև խնդումի կամ խնդում տոքի ծեսը: Նշանված աղջիկների ձեռքով աճեցված ցորենի ամանի մեջ խաչաձև փայտ էին ամրացնում և զարդարում խնձորով, վարունգով և վարդերով: Ծեսի ավարտին դրանք երիտասարդների բաժինն էին:
Հեքիաթ
►Հայկական հրաշապատում հեքիաթներում անմահական խնձոր ուտելը հղիանալու, ամուսինների` խնձոր կիսել-ուտելը զավակ ունենալու նշան է:
►Հեքիաթներում խնձորով մեկին խփելը նշանակել է սեր և ընտրություն:
►Հեքիաթներում մեծ տարածում ունեն ոսկե կամ անմահական խնձորի հետ կապված սյուժեները: Աշտարակների, սյուների (կենաց ծառի սիմվոլ) վրա ամրացված ոսկե խնձորներն ու գնդերը ամուսնացող աղջկա խորհրդանիշն են, որին տիրելու համար փեսացուները մրցման են մտնում:
►Հայկական հեքիաթները վերջանում են հետևյալ խոսքերով. «Երկնքից երեք խնձոր ընկավ` մեկն ասողին, մեկը լսողին, մեկն էլ` ականջ դնողին»:
Դարձվածներ
►Սիրուն` ինչպես Արտամետի խնձորը (սիրուն մարդու համար են ասում):
►Կարմիր խնձորին քար նետող շատ կլինի (նշանակում է որևէ լավ բանի տիրանալ):
►Հետևից կարմիր խնձոր ուղարկել (հրավիրել):
►Խնձոր գլորել (տարաձայնություն, գժտություն առաջացնել):
►Խնձորի նման աղջիկ (գեղեցիկ):
►Բաղի կարմիր խնձոր (հեգնանքով ասում են իբր կարևոր մարդուն):
►Կես արած խնձոր (իրար շատ նման):
►Կենաց ծառի խնձոր ուտել (գայթակղվել):