Մեր Մասին

Ընկերության մասին

«ԱՆԴ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014 թ.-ին և գործունեություն է ծավալում Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում, ծովի մակերևույթից շուրջ 2 000 մետր բարձրության վրա։ Ընկերությունը զբաղվում է այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, ինչպես նաև սեփական արտադրանքի լայնածավալ վերամշակմամբ: Այգեգործությամբ մեր ընկերությունը սկսել է զբաղվել շուրջ 6,5 հեկտար տարածքի վրա՝ հիմնելով խնձորի և տանձի ժամանակակից ինտենսիվ այգիներ: Այգիներն ամբողջովին հագեցած են հակակարկտային ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերով: Տարեցտարի ընդլայնվում է այգիների մակերեսը և ծառերի քանակը: Ներկայումս բերքի տակ են շուրջ 22 000 խնձորենիներ և տանձենիներ: Տնկիները ձեռք են բերվել եվրոպական լավագույն տնկարաններից: Այգում առկա է նաև փոքր, փորձնական, այգու վերարտադրողականությունն ապահովող տնկարան: Այգեգործական աշխատանքների գրագետ կառավարման համար համագործակցում ենք եվրոպական՝ գերմանական, հոլանդական, իտալական տարբեր այգեգործական տնտեսությունների հետ: Տարեկան նվազագույնը մեկ անգամ ժամանում է մեր այգեգործ խորհրդատուն, որի հետ քննարկվում են այգու ընթացիկ կառավարման և հետագա զարգացման ու ընդլայման հետ կապված հարցերը: Ներկայումս արգեգործական ողջ արտադրանքը վաճառվում է ներքին շուկայում կամ վերամշակվում է և իրացվում թե՛ ներքին և թե՛ արտաքին շուկաներում:

Մեղվաբուծությամբ մեր ընկերությունը սկսել է զբաղվել մինչև այգեգործությամբ զբաղվելը: 2014 թ.-ին մենք արդեն ունեցել ենք սեփական մեղրի մի փոքր քանակություն: Մեղվաբուծության ոլորտում ևս, սարքավորումների և տարաների ձեռքբերման, ինչպես նաև խորհրդատվությունների տրամադրման և Եվրոպայում մեղվաբուծության մեջ լավագույն փորձի ներդրման հարցում, մենք համագործակցում ենք եվրոպական լավագույն ընկերությունների հետ: Շատ ակտիվ համագործակցում ենք հատկապես դանիական ընկերությունների հետ, որոնք հասել են առավելագույն արդյունքների մեղվաբուծության ոլորտում: 2016 թվականից մեր սպառողներին ենք ներկայացնում օրգանական հավաստագրված մեղր։ 2020 թվականին մեր ընկերությունը հավաստագրվել է ֆրանսիական «Էկոսերտ» ընկերության կողմից, որի արդյունքում մեր մեղվամթերքները կրում են եվրոպական շուկաների համար նախատեսված EC և ամերիկյան շուկաների համար նախատեսված NOP մակնշումները: Արտադրվում և սպառողին է մատուցվում օրգանական մեղրի, օրգանական կրեմ-մեղրի և դասական մեղրի տարբեր չափերի փաթեթավորմամբ լայն տեսականի:

Քացախի արտադրությամբ մեր ընկերությունը սկսել է զբաղվել իր առջև դնելով վերամշակել մեր այգեգործական ապրանքային տեսքից զուրկ արտադրանքը, այսպիսով նվազեցնելով ընկերության կորուստները: Քացախի արտադրության ստեղծումը նաև նպատակ է հետապնդում ավելացնել ընկերության առաջարկած արտադրատեսակների զամբյուղում առկա տեսականին: Իրավամբ այսօր մենք ունենք հայկական քացախի հզոր տեսականի, որն իր որակական հատկանիշներով և անկրկնելի համով արժանապատիվ տեղ է զբաղեցրել մեր արտահանման շուկաներում։ Քացախի պատրաստման բոլոր սարքավորումներն ավստրիական արտադրության են և պատրաստված են չժանգոտվող պողպատից:

Սեփական այգեգործական արտադրանքի՝ խնձորի վերամշակման արդյունքում ստանում ենք նաև թարմ քամած խնձորի հյութ պտղամսով, որը մեր հաճախորդներին ենք ներկայացնում 2,0 և 3,0 լիտրանոց տուփերով։ Հյութի արտադրության ողջ գործընթացում օգտագործվում է բացառապես վերականգնվող էներգիա։ Այն պատրաստված է բացառապես թարմ խնձորից, արտադրության ընթացքում չի օգտագործվում շաքար, չի ավելացվում ջուր, չեն կիրառվում սննդային հավելումներ։

Ընդլայնելով պտղի վերամշակումը, մենք ստեղծեցինք թերևս լավագույն մրգային օղին Հայաստանում։ Արտադրության ողջ գործընթացում՝ հումքի ընտրությունից մինչև պատրաստի արտադրանքի շշալցումը, բծախնդրորեն պահպանվում են նախատեսված բոլոր կանոնակարգերը։ Ընկերությունում առկա են լավագույն արտադրանք ստանալու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, իսպառ բացակայում է շաքարի օգտագործումը։

hy