Honey LLC

Մեղր եվ մեղուներ

►Հայկական լեռնաշխարհի բնակլիմայական պայմանները դեռևս վաղնջական ժամանակներից նպաստավոր են եղել մեղուների բազմացման և առատ մեղր կուտակելու համար (աճում է շուրջ 300 մեղրատու ծառ, 600-ից ավելի վայրի թուփ և խոտաբույս): Այս հանգամանքը նպաստել է, որպեսզի մեր նախնիները նաև մեղվաբուծությամբ զբաղվեն: Հնագիտական նյութերը, մատենագրական և ազգագրական աղբյուրները նույնպես վկայում են, որ Հայաստանում մեղվապահությամբ զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից:

►Մեղր և մեղու բառերը բնիկ հայերեն են և ծագում են հնդեվրոպական նախալեզվի mel ձևից: Մեղր ասելով հասկանում ենք քաղցր, մածուցիկ, թանձր հյութ, որը մեղուները պատրաստում են մեղրատու բույսերի նեկտարից: Քաղցր, համով ամեն ինչը համեմատվում է մեղրի հետ (մեղրի նման քաղցր ու անուշ): Օրինակ, հայերենում շատ քաղցր տանձի, խնձորի և ծիրանի տեսակները համապատասխանաբար կոչվում են մեղրատանձ, մեղրախնձոր ու մեղրակենի, շատ քաղցր դդմի տեսակը` մեղրադդում: Նորապսակների ամուսնական կյանքի առաջին ամիսը կոչվում է մեղրամիս կամ մեղրալուսին: Մեղրաբերան ասելով հասկանում ենք քաղցրախոս մարդուն, մեղրել նշանակում է քաղցրացնել, մեղրի մեջ կենալ` լիության մեջ ապրել:

►Մովսես Խորենացին Տիգրան Մեծին անվանում է մեղվակն, այսինքն՝ մեղվահայաց, մեղվաչ: Նա գրում է, որ Տիգրանը երկրին խաղաղություն բերեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով:

►Պարս (մեղուների երամ) բառը ծագում է պար բառից, որը նշանակում է շրջան: Այսինքն պարս նշանակում է մեղուների շրջան, գունդ, պար:

►Հնդեվրոպական նախալեզվում մեղուն երկու անուն ուներ՝ «bhel» և մեղրաճանճ: Մեղր հավաքելու սեզոնին արգելված էր հիշել այս միջատի անունը, դրա համար էլ հնարվել է մեղրաճանճ անունը:

►Դիոդորոս Սիկիլիացին (մ.թ.ա. I դ.) պատմում է, որ Հայաստանում հանդիպել է բարեբեր վայրերի, որտեղ երկիրը մրգառատ է, հողը` բերրի և թփերից առատորեն մեղր է հոսում (խոսքը մանանայի մասին է): Բյուզանդացի մատենագիր Բարսեղ Կեսարացին (IV դ.) գրում է, որ Հայաստանում մեղուն մեղր է հավաքում նաև թփերից իջած ցողանման մանանայից:

►Ղազար Փարպեցին Արարատյան դաշտը համարել է Աստծո պարգև, որն առատ է հացով և գինով, անուշաբույր և մեղրահամ բույսերով, որոնք օգտակար են և դեղերի համար պիտանի:

►Փավստոս Բուզանդը գրում է, որ Տարոնի Հացեկաց գյուղի անտառի (որը կոչվել է Հացյաց դրախտ) վրա իջած մանանայից մեղուները մեղր են ստանում: Շիրակացին նույնպես Տարոնը համարել է բարեբեր` մեղրի, գազպեի, մրգերի երկիր, Զենոբ Գլակը` խոտաբեր և մեղվաբուխ:

►Այգեգործական շրջաններում հաճախ մեղվի փեթակները այգիներում էին տեղադրում, դրա համար էլ ասում էին՝ առանց մեղվանոցի այգի չկա, առանց մեղվի՝ պտուղ:

►Մեղրի օգտակարությունը և համը կախված է այն հանգամանքից, թե մեղուն ինչ ծաղիկներից է նեկտար հավաքում: Օրինակ, այն տարածքներում, որտեղ ծխախոտ են աճեցնում, մեղրը դառնահամ է լինում: Որտեղ թունավոր բույսեր շատ կան, այնտեղի մեղրը կոչվում է խելառ մեղր, քանի որ ժամանակավոր խելագարություն է առաջացնում: Մեղրի այդ հատկությունն այսօր էլ դիտվում է Ջավախքի և Գուգարքի որոշ վայրերում: Այդպիսի մեղր ստացվում է տեղի թունավոր բույսերի (օշինդրի, ձարխոտի, ղանձլամոր, լեռնավարդի, ընձախոտի, սպիտակ խնկենու, ճահճային թփուտների) ծաղիկների նեկտարից:

►Մ.թ.ա. V դ. հույն պատմիչ Քսենոփոնը վկայում է, հույների զորքը Հայաստանով անցնելիս հանդիպել է մեծաթիվ մեղվափեթակների: Զինվորներն այդ մեղվափեթակներից շատ մեղր ուտելով ցնորվել են, իսկ նրանք, ովքեր քիչ են կերել, նմանվել են հարբածի: Նրանք ուշքի են եկել 3-4 օր հետո:

►Ստրաբոնը (մ.թ.ա. 66-մ.թ. 24 թթ.) պատմում է, որ Փոքր Հայքում Կեսարի զորքը ոչնչացել է`ուտելով ճանապարհին հանդիպած մեղրը: Զինվորները մեղր ուտելով կորցրել են գիտակցությունը, որից հետո տեղացիները հարձակվել ու ոչնչացրել են նրանց: Այդ շշմեցնող, հարբեցնող մեղրի մասին գրել են նաև Պլինիոս Ավագը և Էլիան, ինչպես նաև շատ ճանապարհորդներ:

►Օտար աղբյուրները (XI դ. պարսիկ ճանապարհորդ Նասիր Խուսրաունը, XII դ. արաբ աշխարհագիր Յակուտ ալ Համավին և ուրիշներ) վկայում են, որ Հայաստանում մեղվաբուծությունը բավականին զարգացած է եղել: Մեղրը մեծ քանակությամբ վաճառում էին ու արտահանում:

►Հովհաննես Դրասխանակերտցին (X դ.) գրում է, որ արաբ բարբարոսները ավարառության ժամանակ Հայաստանից նաև մեղվափեթակներ էին տանում: Արաբներին տրվող բնամթերքի հարկի մեջ նաև մեղր է եղել:

►Միջնադարում հայերը թշնամու դեմ օգտագործել են նաև մեղվի թույնը: Ամրոցներն ունեցել են մեղվանոցներ, որտեղ պահվել են դեղնագույն մեղուներ: Մեղուներով լի քթոցավոր փեթակները վերևից գլորել են թշնամու զորքի վրա: Գազազած մեղուների խայթոցից զորքը խուճապահար փախչում էր: Այդ պատճառով մոնղոլ-թաթարական հորդաները մեղվանոցները ոչնչացնում էին, որպեսզի դրանք իրենց դեմ չօգտագործվեն:

►Միջնադարյան ձեռագրերում մեղվաբուծությանը վերաբերող կանոններ կան գրված: Օրինակ, Մխիթար Գոշի (XII դ.) Դատաստանագրքում հատուկ կանոններով արգելվում էր հիվանդ մեղվափեթակ և ծեր մայր ունեցող մեղվաընտանիքի վաճառքը: Դավիթ Ալավկա որդու (XII դ.) կազմած կանոնագրքում «Վասն մկան, որ ի մեղրոց անկանի» վերնագրի տակ գրված են մեղրը վնասատուներից պահպանելու, մաքուր պահելու մասին կանոններ: Սմբատ Գունդստաբլի (XIII դ.) Դատաստանագրքում մեղվի առք ու վաճառքի ժամանակ խարդախություն անողը պիտի պատժվեր: Կաթողիկոս Հովհան Մանդակունու (V դ.) կանոններով արգելվում էր մեղրօղի օգտագործել, որպեսզի չհարբեն, քանի որ հարբեցողը չար է քան դիվահարը:

►Հայաստանի եկեղեցական տնտեսության մեջ մեղվապահությունը մեծ տեղ է գրավել: Մեղրամոմն օգտագործել են մագաղաթ մշակելու, գրի հատուկ տախտակներ, մոմ պատրաստելու համար: Մոմի վաճառքից եկեղեցին հսկայական եկամուտ էր ստանում:

►Հնում մոմը պատրաստել են մեղրամոմից: Կծիկ էին սարքում՝ որպես պատրաստի լուսատու միջոց:

►Վառվող մեղրամոմը մանրէասպան և օդը մաքրող հատկություն ունի:

►Ատամների հիգիենայի համար որպես ծամոն մեղրամոմ են ծամել:

►Միջնադարում սպիտակ մոմը համարվում էր թանկարժեք նվեր, այդ իսկ պատճառով հայերը Շահ Աբասին բազմաթիվ նվերների հետ միասին նաև սպիտակ մոմ են նվիրել: Առաքել Դավրիժեցին (XVII դ.) գրում է, որ շահը զարմանում է և իմանալով, որ այն պատրաստողը Մովսես վարդապետն է, հրամայում է, որ նա պարսիկներին սովորեցնի մոմ սպիտակեցնելու գաղտնիքը: Դրա դիմաց շահը կատարում է վարդապետի խնդրանքը և ազատություն տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

►Մեղրը մարդու ամենահնագույն ուտելիքներից է, որ ձեռք է բերվել հավաքչության միջոցով:

►Հայոց մեջ մեղրը և մեղրամոմը սրբազան են համարվել, բուժիչ լինելու շնորհիվ հիվանդատես գնալիս մեղր են տարել:

►Միջնադարի հայ բժիշկ Ասար Սեբաստացին գրում է, որ այն տունը, որի սեղանից մեղրն անպակաս է, երբեք բժիշկ ոտք չի դնի: Բժիշկ Ալեքսիանոսը գրում է, որ ով ամռանը ամեն առավոտ սոված փորին երեք պատառ մեղրահաց (անհալ մեղր) ուտի, ոչ մի հիվանդություն չի ունենա:

►Մեղրը մեծ տեղ է գրավել հայոց սննդի համակարգում: Այն բուժիչ սննդամթերք է, որը միաժամանակ և′ սնունդ է, և′ քաղցր ու հականեխիչ դեղամիջոց: Մեղրը նաև պասի ուտելիք է, որն օգտագործում էին պասուց քաղցրավենիքների համար:

►Մեղրը հատկապես շատ են գործածել տոնածիսական անուշեղեն պատրաստելու համար:

►Որպես կազդուրիչ մթերք ծննդկանին մեղրով ձվածեղ են տվել:

►Հայոց ավանդական խոհանոցում քաղցրավենիքները՝ խմորեղեն, մուրաբա, հալվա, փոխինձ, գոզինախ և այլ անուշեղեններ պատրաստվել են հիմնականում մեղրով:

►Թուրք ճանապարհորդ Էլվիա Չելեբին (XVII դ.) Վանի ժայռի նկարագրության մեջ գրում է, որ հայերը գոմեշի և կովի լավ մաքրած կաշին առատ մեղրի հետ դարսում էին և պահում քարայրներում: Կաշին մեղրի մեջ հալվում էր և դառնում ընտիր քաղցավենիք (ռեչել):

►Թուրք ճանապարհորդ Քյաթիբ Չելեբին (XVII դ.) գրում է, որ հայերը կաթի չոր սերը և մեղրը շերտընդմեջ դարսում էին փոքրիկ տակառների մեջ և պահում որպես ընտիր քաղցրավենիք:

►Մեղրից նաև օշարակ (մեղրաջուր), մեղրօղի (մեղրով ու ջրով) և քացախ (մեղրաքացախ) են պատրաստել: Մեղրի օշարակը գործածում էին որպես զովացուցիչ ըմպելիք և պասի ուտելիք (հաց բրդած): Ավելացնում էին ապուրներին՝ թթվաշ համ տալու համար: Մեղրաջուր պատրաստել են նաև վարդով, ռեհանով և այլ անուշաբույր բույսերով:

►Հայտնի է եղել Վարագա սարի մեղրից պատրաստված ըմպելիքը, որը դարչինի հետ խառնելուց և երեք օր պահելուց հետո դառնում էր հարբեցնող խմիչք:

►Մեղրն աստվածների կերակուր է համարվել: Ըստ ավանդության հայոց Տիր աստվածը սովորություն է ունեցել նստել Տիրկատար լեռան լանջին և ուտել հատուկ իր համար մեղուների պատրաստած մեղրը, որ պահվում էր մոտակա քարայրի տասը կարասների մեջ:

►«Սասնա ծռեր» էպոսում Դավիթը Իսմիլ խաթունի կուրծքը չի ընդունում: Նրան կերակրում են Սասունից բերված մեղրով ու կարագով:

►Դերսիմում մայիս և հունիս ամիսներին փեթակների առաջ սպանված օձ են դնում: Մի ժամվա ընթացքում մեղուներն օձի միսն այնպես են քրքրում, որ միայն կմախքն է մնում: Օձի մսով սնված մեղուների մեղրը որպես ստամոքսի հիվանդություն բուժող դեղ առանձին են պահել:

►Մեղրածոր գետի եզերքին գտնվող ժայռերի մեջ գտնվող մեղուների փեթակներից, երբ ժայռերը արևից տաքանում են, փեթակների մեղրը հալվում է ու հոսում ներքևում գտնվող գետակը և ջուրը քաղցրահամ դարձնում: Դրա համար էլ այդ գետը կոչվում է Մեղրածոր:

►Ժողովրդական բժշկության, ինչպես նաև միջնադարի հայ բժիշկների՝ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն», Գրիգորիսի «Քննություն բնության մարդո և նորին ցավոց», Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» և «Անգիտաց անպետ», Ասար Սեբաստացու «Գիրք բժշկության արհեստի», Բունիաթ Սեբաստացու «Գիրք բժշկության տումարին» աշխատություններում հիվանդությունների բուժման համար առաջարկվող դեղատոմսերի բաղադրության մեջ մեծ տեղ են գրավում մեղրը, մեղրամոմը, ակնամոմը և մեղվաթույնը:

►Միջնադարյան Հայաստանում մեղրով նաև հիվանդություններ են ախտորոշել: Օրինակ, բժիշկ Ալեքսիանոսը լյարդի ծանր հիվանդության մահացու կամ բուժվող լինելը ախտորոշելու համար գրում է, որ մեղրի ու քացախի խառնուրդը քսում են լյարդին: Եթե այն ցամաքում և չորանում է, ուրեմն լյարդը հնարավոր է բուժել, իսկ եթե թարմ է մնում, ուրեմն հիվանդը մեռնելու է:

►Ալեքսիանոս բժիշկը զբաղվել է նաև մեղվապահությամբ և իր բժշկարանում «Վասն մեղվաց» վերնագրի տակ մեղվի խնամքի մասին գրել է 24 խրատ-խորհուրդներ: Նա գրում է, որ եթե մեղուն պարս է տվել և օդում սավառնում է հեռանալու համար, ապա այն կարելի է իջեցնել ձագախոտի օգնությամբ: Ձագախոտը պետք է պահել սավառնող մեղուների բազմության մեջ, որի վրա էլ կիջնեն նրանք: Ձագախոտի հոտը նման է ձագամեղվի առաջնորդի՝ մեղվամոր հոտին, ուստի այդ հոտը գրավում է պարսին և իջեցնում ձագախոտի վրա:

►Հայկական լեռնաշխարհում անհիշելի ժամանակներից ապրում է հայկական դեղին մեղուն, որը դիմացկուն է վնասատուների նկատմամբ, ուշ է հիվանդանում, շուտ` բուժվում: Ցրտադիմացկուն է, ունի զարգացած հոտառություն, երկար կնճիթ և շատ մեղր ու ակնամոմ է կուտակում: Խաղաղասեր է և գողություն չի անում:

►Այն վայրը (ծառ, ժայռ), որտեղ գտնվում է փեթակը, չի կայծակահարվում, որովհետև մեղվաընտանիքը վանում է կայծակի լիցքերը:

►Մեղուն երբ սպանում է մեղվափեթակ մտած վնասատուին (մուկ, օձ), աշխատում է փեթակից դուրս հանել, իսկ երբ չի կարողանում, պատում է ակնամոմով, որ այն չնեխի ու հիվանդություն և գարշահոտություն չտարածի:

►Մեղվաընտանիքի մեղուները իրենց մորը և համայնքի անդամներին ճանաչում են հոտով:

►Ոչ թե մեղուների մայրերն են կերակրում զավակներին, այլ զավակներն են կերակրում մորը: Մայրը սնվում է մեղվակաթով, որը 7-14 օրական մեղուների կրծքավանդակի գեղձերից դուրս եկող հեղուկն է և օդի հետ շփվելով դառնում է կաթ:

►Մեղուն, զգալով իր մահը, դուրս է գալիս մեղվափեթակից:

►Մեղրացուցիչ թռչնակը երբ մեղվանոց, մեղվափեթակ է տեսնում, յուրահատուկ ճիչ է արձակում: Այդ ճիչը լսելով, արջը հասկանում է, որ մոտակայքում մեղվաընտանիք կա: Արջը ձայնի ուղղությամբ գնում է և մեղվափեթակները գտնելով մեղվահացը տանում: Մեղվացուցիչը միանում է արջին, և նրանք միասին են մեղրն անուշ անում:

►Մեղվաքաղ կոչվող թռչունը մեղուներ է որսում և շարում փշոտ բույսերի վրա: Մի քանի ժամից, երբ մեղուները չորանում են, սկսում է ուտել:

►Մեղուներով են սնվում նաև երաշտահավը, արագիլը, մեղվակուլը և գորտը: Փայտփորիկը, երբ ուտելու բան չի գտնում, մեղվի փեթակները ծակում է և ուտում մեղուներին ու մեղրը:

►Ճառագայթաձև ձարենու ծաղկի մեջ մեղուները խճճվում են, քանի որ ծաղիկն ունի ճանկավոր մազմզուկներ, որոնք բռնում են մեղուներին:

►Մեղվամայրը մեկ անգամ է բեղնավորվում և մի քանի տարի ձու ածում, իսկ բեղնավորելուց հետո արուն սատկում է:

►Մեղրի ու մեղվի մասին բազմաթիվ հիշատակություններ կան հայկական ձեռագրերում, միջնադարյան բանաստեղծների երկերում, ժողովրդական բանահյուսության մեջ (հեքիաթներ, հանելուկներ, երգեր, ասացվածքներ և այլն):

►1913 թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆելլին քաղաքում բացված մեղվաբուծական համաշխարհային ցուցահանդեսին Եղիշե Չիֆթալարյանը ներկայացրել է իր պատրաստած մեղվի ալյումինե շրջանակը, որն արժանացել ոսկե մեդալի:

►Հայոց մեջ մեղվափեթակները եղել են կոճղավոր, քթոցավոր (լորենու կամ ուռենու ճյուղերից հյուսված կողովներ), կավե գլանձև և տախտակե:

►Հնում մեղրը պահել են լորենու տակառների կամ ջնարակած կավե կճուճների մեջ:

►1870-1874 թթ. Կ. Պոլսում հրատարակվել է «Մեղու» հանդեսը (խմբագիր` Հարություն Սվաճյան), որը ժամանակի առաջադեմ պարբերականներից էր:

Հավատալիքներ

►Ակնամոմը համարվում էր ցավերից ու չար աչքից պաշտպանող լավագույն միջոց: Վախեցած մարդու վզից ակնամոմից պատրաստված խաչ էին կախում: Երիտասարդ աղջիկներն ու հարսները չար աչքից պաշտպանվելու համար իրենց գոգնոցի, լաչակների եզրերին ակնամոմ էին ամրացնում: Նույն նպատակով կտորի մեջ փաթաթած մի փոքր գնդիկ փակցնում էին երեխաների մազերին կամ հագուստին:

►Մեկ տարեկան երեխայի կտրած մազերին ակնամոմ էին քսում և փակցնում տան գլխավոր գերանին:

►Կովերին չար աչքից պաշտպանելու համար նրանց կոտոշների արմատին կամ պոչի մազերի մեջ ակնամոմ էին փակցնում:

►Ձեռագրերում հանդիպում ենք հմայագրերի (գիր մեղվի), որոնք մեղվափեթակը պաշտպանում են չար ուժերից: Հմայագրերը կախել են փեթակից:

►Մինչև XX դ. սկիզբը փեթակներին ձիու պայտ են ամրացրել, հյուսածո փեթակների վրա կապույտ ուլունք, խխունջներ, երկաթի կտորներ կախել, որպեսզի մեղուները չար աչքից ու հիվանդություններից հեռու մնան: Լոռիում կանայք աղ են աղոթել տվել և ցանել փեթակների վրա, կամ աղը շորի մեջ փաթաթելով դրել փեթակներից մեկի մեջ:

Առասպելներ

►Սուրբ գրքում գրված է, որ Աստված ցանկացավ Հոբ Երանելու հավատը փորձել և նրան հիվանդացրեց: Որդերն ուտում էին նրա մարմինը, բայց նա իր հավատի մեջ անսասան էր: Նա որդերը դնում էր իր մարմնի վրա և ասում.«Կերեք, իմ փուչ մարմինը ձեզ համար է ստեղծված»: Ասում են, թե մեղուները այդ որդերից են առաջացել:

►Սասունում անմահական էր համարվում այն մեղրը, որ ստացվում էր վիշապների մարմնից: Ըստ ավանդության, եթե մեղուները մեռած վիշապից են սնվում, մեղրն առատ է լինում, իսկ ուտողը բուժվում է բոլոր հիվանդություններից ու անմահ դառնում:

►Մեղուները Սողոմոն Իմաստունին ասում են. «Մենք ոսկի կշինենք, միայն թե թույլ տուր, որ ում կծենք` մեռնի»: «Չէ, մարդկանց կյանքի գնով չեմ ուզում ոսկի ստանալ, ավելի լավ է դուք մեղր շինեք, և եթե որևէ մեկին կծեք` ինքներդ մեռնեք»,-պատասխանել է նա: Այդ օրվանից մեղուները զգուշանում են մարդկանց կծել, որ չմեռնեն:

►Երբ մոնղոլ-թաթարական հորդաները Հայաստանում ամեն ինչ այրում և ավերում են, վանքերում պահված ձեռագիր մատյանների տառերը դառնում են մեղուներ և թռչում: Մեկ այլ տարբերակով Մաշտոցի գրերից առաջ Հայաստանում եղել են քարե հեթանոս մատյաններ: Երբ թշնամին ջարդել է այդ մատյանները, բոլոր գրերը մի ակնթարթում վեր են ածվել մեղուների:

►Ասում են, որ Գրգուռ լեռան ստորոտին գտնվող ավազանում Աստղիկ դիցուհին լոգանք ընդունելուց հետո ավազին պառկում էր, իսկ երբ ոտքի էր կանգնում, նրա մարմնին կպած ավազահատիկները թափվելով վեր եին ածվում մեղուների:

Դեղատոմսեր

►Աչքի ցավի և տեսողության վատացման ժամանակ աչքի մեջ մի կաթիլ գոլ մեղր են կաթեցնում:

►Արյան կարմիր գնդիկների համար շատ օգտակար է բալի հյութի և մեղրի խառնուրդը:

►Ոսկրացավ-հոդացավի համար խմում են եփած սամիթի ջրի և մեղրի խառնուրդը:

►Կտավատի աղանձի փոխինձը մեղրով շաղախած օգնում է հազին, իսկ մոմի և մեղրի հետ խառնած՝ բուժում է վերքերը: Կտավատի ձեթը փոխինձի և մեղրի հետ խառնած հանգստացնում է որովայնի ցավերը, բացի այդ օգտակար է թոքերի, երիկամների, աղիների հիվանդությունների ժամանակ:

►Գետուռենու աղացած չոր տերևների ու մեղրի խառնուրդը հասունացնում և մաքրում է վերքերը:

►Մարմնի խոցերի և վերքերի համար չոր նվիկը մանրացնում են, մեղրով շաղախում և դնում վերքի վրա:

►Մարմնի ցավող տեղերին սպիրտով մաքրելուց հետո ակնամոմլաթ (մեղվափեթակի շրջանակի վրայի մոմապատ ծածկոց) էին կապում:

q
q

Leave a comment:

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

hy